Posts

Showing posts from September, 2024

Ճամփան բոլո՞ր պատերազմներն է տեսել

Image
  Հին Արցախում, մինչև Լաչինի ու Վարդենիսի կողմերից ճամփաների կառուցումը, իսկական գլխացավանք էր Ստեփանակերտ հասնելը: Հատկապես՝ հյուսիսից, Քարվաճառի կողմից: Ահա 95թ. մի կադր՝ նկարահանված Կիչան գյուղի մոտ /քիչ ներքևում դրված է հղումը/: Այս հատվածը հետագայում դարձավ Արցախի Հյուսիս-հարավ մայրուղու մաս, որը ճիշտ է, այդքան էլ որակով չկառուցվեց: Իսկ մայրուղիներին ամենուր մեր զոհված տղաների հուշաքարեր էին: Ավելի ուշ, Բակո Սահակյանի նախագահության շրջանում, դրանք աստիճանաբար հեռացվեցին, երևի պատերազմի դառը հուշերը անդադար չթարմացնելու նպատակով:  Իսկ այս հատվածները ճանաչելի են անգամ ծառերի ստվերներից, առանց գեղարվեստական չափազանցության: Կիչան-Չլդրան ճանապարհն է: Պատերազմ տեսած կամուրջը:  Հիմա էլ կա, նորոգված, բայց դեռ անհայտ է՝ այն իր գոյության արդյո՞ք  բոլոր պատերազմներն է տեսել: 

Վերնագիրը փոխելու ժամանակը

Image
2024-ի սեպտեմբերի 19-ի ամբողջ օրը հիշում եմ այս տարվա մի տեսանյութս՝ «Վերջին հաղթական Մայիսի 9-ը»: 2020-ին էի նկարել ստեփանակերտցի մի հրաշալի փոքրիկի պարը Հուշահամալիրում:  «Վերջին հաղթական Մայիսի 9-ը» Մտածում եմ՝ լավ, ինչո՞ւ եմ հատկապես դա հիշում: 88-ի Շարժումը դեռ մի կողմ, 1992-ից Արցախի լացն ու ուրախությունը կրող մարդ եմ, քի՞չ բան կա, որ հենց ա՛յդ դրվագը դուրս չի գալիս ուղեղիցս: Ու երևի գտնում եմ պատասխանս, որ դա պահանջն է՝ Լույսի, Չկոտրվելու, Ինքս ինձ համոզելու, Դեռ 1 տարվա վերքից ծիկրակող արյունը սրբելու, Հավատալու , որ մի անգամ տեսածս հաղթանակը վերջինը չէ, անգամ եթե իմ աչքով չտեսնեմ: Պահանջատերը ինչ-որ տեղ ներսումս է: Աստված նրան ու ինձ համբերություն տա: Ու խելք: Մի փոքր էլ՝ մոտեցնի «Վերջին..»-ը փոխելու ժամանակը: