ՊԲ նոր դիրքերում. Խաչենի հովտի արժեքը

Չգիտեի, որ վերջին անգամ եմ Պաշտպանության Բանակի դիրքերում, որոնք ինձ հարազատ էին 30 տարուց ավելի։ Արցախի մտերիմներիս հետ անցնում էինք Ասկերանի շրջանի պաշտպանական բնագծով՝ Խրամորթի, Խնապատի թիկունքով, մինչև Խաչենի կամուրջ։ 

Արցախի բանակի մասին ես պատկերացում ունեմ՝ Արաքսի ափի առաջին պոստից մինչև Եղնիկների երրորդ գումարտակի 132-ը։ Իհարկե, համեմատելու բան կար։ Նախ՝ մատակարարման ուղիները։ Նախկինի հետ ոչ մի եզր։ Նկարահանման պահին թշնամին արդեն 3 ամիս զավթել էր Փառուխը և Քարագլխի մի մասը։ Բանակը մի կերպ էին ապահովում լեռնային նեղ կածաններով։ 

Մեր զինտեխնիկայի մասին ընդհանրապես չգիտեմ ինչ ասել, երբ դեռ աչքիս առաջ են ՊԲ-ի հրթիռահրետանային ու ՀՕՊ համակարգերը։ Միայն այս խաչը կցուցադրեմ  մեր դիրքերից։ Ինչևէ։ Հասանք այն կետ, որտեղ արել եմ իմ լուսանկարը։ Հեռվում Վանքասարն էր։ Երևի շատ քիչ արցախցի է եկեղեցին տեսել հակառակ կողմից։ Այդ վայրում մաշկի վրա էր զգացվում Փառուխի անկման հետևանքը։ 

Տեսնում էի հին Արմենակավանը, թշնամու տանկերը և կահավորած բազան:

Ավելի լավ պատկեր ստանալը անիմաստ ռիսկային էր․ պետք է ինքս բարձրանայի, բայց թուրքերը կկրակեին, անգամ շտաբից համապատասխան զանգ ստացանք։ Այդ գյուղից, որը թշնամին, ի խախտումն նոյեմբեր 9-յան փաստաթղթի, գրավել ու դարձրել էր ռազմաբազա, մինչև Խաչենի կամուրջ 10-15 կիլոմետր է։ Թուրքերը եթե հասնեին՝ Վանք, Կիչան, Չլդրան, Դրմբոն, Գետավան, Հաթերք․․ Մարտակերտի բոլոր հյուսիսային բնակավայրերը մեկուսացվելու և սրի էին մատնվելու։

Բայց մեր Բանակը, Արցախի Պաշտպանության Բանակը կարողացավ 2022-ի մարտին կանգնեցնել անհամեմատ ուժեղ զինված թշնամուն։ Նույնը արեց  23-ի սեպտեմբերի 19-ին՝ նրան հարյուրավոր զոհեր պատճառելով;

Մեր այն հայրենակիցները, որոնք գուցե անտեղյակությամբ, անպատշաճ բաներ են խոսում կռվող Արցախի մասին, պետք է այս ամենը հաշվի առնեն, ջուր չլցնեն թշնամական  ջրաղացներին։ 



 


Comments