Անկախ մամո՞ւլ․ չկա նման բան

 Հայաստանում մամուլի օրը 3-4 տասնյակ պրոֆեսիոնալների օր է: Ո՛չ մի քանի հարյուր տղաների ու աղջիկների, որոնք հեռախոսով մոտենում են հարցազրույցի, ու հեռախոսը մեկնում են դինամիկի կողմից, այլ ոչ միկրոֆոնի: Բայց դա մանրուք է: Պրոֆեսիոնալ ասելով ես հասկանում եմ այն լրագրողին, որի տված արտադրանքին, մտքերին, ուժեղ չեն հակազդում այն մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում: Որովհետև առանց դրա չի լինում:

Ես հիմա մի բան կասեմ, գուցե ջատագովների դուրը չգա, բայց դա իրականություն չի փոխում: Անկախ մամուլ գոյություն չունի: ԶԼՄ-ն հետևում է այն ուղղությանը, որի համար պատվիրատուն վճարում է: Ու դա վերաբերում է ամբողջ աշխարհին: Չտիրապետելով CNN-ի և Foxnews-ի գովազդատուների ցանկին, դժվար չէ կռահել, որ պահպանողական և լիբերալ հայացքներով ամերիկյան բիզնեսմենները այդ երկուսին հավասարապես չեն ֆինանսավորի: Պարզ բան․ մամուլը, իր սոցիալական նշանակությունից, առաքելությունից առաջ՝ նախ աշխատանք է, որի համար վճարում է գործատուն: Այդ պատճառով եմ ես լրագրողական աշխատանքի գնահատման հիմքում դնում ոչ այնքան ասելիքը, որքան այդ ասելիքի որակը, մատուցումը, այսինքն՝ պրոֆեսիոնալիզմը: 

Այդ առումով, մասնագիտական դասեր առնելու, իմ բախտը իրոք բերել է: Կարիերայիս սկզբում, որը մեր անկախության արշալույսին էր, ինձ հաջողվեց կապեր ու շփումներ հաստատել արևմտյան մի քանի մեդիա-կայսրությունների հետ, որոնցից երկուսը դարձան ուղիղ իմաստով ուսուցիչ: Դրանք էին ամերիկյան CBS-ը և բրիտանական BBC-ն: Եվ հարյուրավոր ժամերը, որ ես անցկացրի նրանց Newsroom-ներում, մոնտաժայիններում, ուղղակի անգին էին: Մարդիկ սովորեցրին, թե լրագրողը ինչպես պետք է ասելիքը մատչելի շարադրի, օպերատորը ինչպես աշխատի, որոնք են մոնտաժի նրբությունները, ինչպես հասնել նախանշած թիրախին: Նրանցից մի քանի հուշ մինչ օրս պահում եմ: Այս ժապավենները՝ CBS-ի ֆիլմերով ու BBC-ի սյուժեներով:


Տեսանյութում ցուցադրում եմ CBS-ի պահպանված մի ժապավեն՝ ՄՈսկվայի հայկական եկեղեցում արարողության մասին։,


Նախաինտերնետային դարաշրջան էր: Շնորհակալ եմ նրանց: Շատ սերտ առնչություններ ունեի նաև ռուսական Վեստիի հետ, 91-94թթ-րին, բայց այն ժամանակ դա տրամագծորեն այլ կառույց ու մարդիկ էին, որոնցին կարելի էր սովորել. Նիկոլայ Սվանիձեն, Սվետա Սորոկինան.. Ու ես հպարտ եմ, որ մինչև այսօր ինձ ավելի քիչ հիշում են իմ սխալներով, ու ավելի շատ՝ Բանակով, պատերամով, առաջին գծով, Արցախով ու արտաքին գործերով։ 


Պրոֆեսիոնալիզմի, գովազդատուի մասին ասածովս հանդերձ, մի չափորոշիչ, այնուամենայնիվ ես պարտադիր եմ համարում բոլոր ուղղությունների հայկական ԶԼՄ-ների համար: Դա ԱԶԳԱՅԻՆ լինելն է: Ազգայինը խաթարելու դեմ պատվար կանգնեցնելը: Չեմ մանրացնում թեման: Ազգայինը ազգայինն է, Արցախը հայկական է, օտարի բարքերը մերը չեն:


Եզրափակելով․ Մամուլի ազատություն չկա, չի եղել ու չի լինելու: Ոչ մի երկրում:

Գոյություն ունի պրոֆեսիոնալ կամ կիսագրագետ աշխատանք` թույլատրվածի սահմանում: Եղել են, կան ու կլինեն «խենթեր», որոնք երբեմն կհատեն սահմանը: Բայց ցավոք,  նրանք չեն շրջի իրերի դրվածքը։ 


Մի քանի հարյուր գործընկերներ, ձեզ հաջողություն եմ մաղթում, որ մտնեք այն մի քանի տասնյակի ցանկ: Բոլորին շնորհակալություն դիտելու համար: Հավելյալ շնորհակալություն, եթե նաև բաժանորդագրվեցիք իմ ալիքին: Լավ եղեք: Ոչինչ, քիչ մրցանակ ստացեք միջազգային ատյաններից, բայց Ազգային մնացեք: Ինչպես ասենք՝ հիշածս CNN-ն ու  Foxnews-ը, որոնք իրենց շատ տարբեր դավանանքով նույն կողմում են, երբ ամերիկացի զինվոր է կռվում ինչ-որ տեղ:


Comments