Ալմա-Աթայի հռչակագիրը դատավճիռ չէ

Ալմա-Աթայի տխրահռչակ հռչակագրի մասին հայաստանյան բևեռները փոխբացառող բաներ են ասում։ Ես գնացի այդ փաստաթղթի սկզբնաղբյուր:

ԿԵՏ 1

Ահա սա է։ ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքում։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի ձևաչափի՝ նախ մի քանի կետանոց պրեամբուլան է, նախաբանը, ապա բուն հայտարարությունը։ Երևի գիտեք, նախաբանը գործնականում զրոյական արժեքով տաղտկալի բառակույտ է՝ դեմոկրատական արժեքներին նվիրվածության, միջազգային իրավունքի նորմերը հարգելու և նման այլ հեքիաթների մասին։ Ահա ուրեմն այդ հիշատակվող դրույթը, որը հնչում է այսպես՝ ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անխախտելիությունը՝ գրված է նախաբանում։Ոչ հայտարարությունում։ Անցնենք առաջ։


Տեսանյութը՝ այստեղ


Առաջին նախագահի երկարամյա մամուլի քարտուղար և զինակից Լևոն Զուրաբյանը ասում է, որ Հայաստանը չի վավերացրել Ալմա-Աթայի հռչակագիրը, բավարարվելով Մինսկյան հռչակագիրը ստորագրռլով։ Ճիշտ է, 91թ–ի դեկտեմբերի 8-ին Մինսկում Ելցինը, Շուշկևիչը և Կրավչուկը հռչակեցին ԱՊՀ–ի ստեղծումը, սակայն նույն եռյակը այլ պետությունների հետ ընդլայնված կազմովմ իր ստրոագրությունը դրեց Ալմա-Աթայի հռչակագրի տակ, դե յուրե ազդարարելով ԽՍՀՄ–ի վախճանը։ Եվ կայքում Լևոն Տեր–Պետրոսյանի անունը նշված է հռչակագիրը ստորագրողների շարքում։ Այստեղ լրացուցիչ ճշգրտման կարիք կա։ Իրականում էլ խոսքը 2 տարբեր փաստաթղթերի մասին է։ Եվ մեզ համար մի բեկումնային, եթե չասեմ ճակատագրական հանգույց կա, որը հետևյալն է։ 


ԿԵՏ 2


Խոսքը ԽՍՀՄ-ի փլուզման պրոցեսում Արցախը Ադրբեջանի կազմում համարելու լեգիտիմության մասին է։ Դեկտեմբերի 8–ին սլավոնական եռյակը Մինսկի համաձայնագրում հայտարարում է, որ ԽՍՀՄ–ը դադարեցնում է գոյությունը։ Դրանից 2 օր անց՝ դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացվում է անկախության հանրաքվե և դեկտեմբերի 21-ին Ալմա–Աթայում արդեն բոլորը միասին /բացի Բալթյան երկրներից ու Վրաստանից/ կրկին հայտարարում են ԽՍՀՄ–ի չգոյության մասին։ Վերադառնանք Մինսկ ու ձևակերպենք հարցը․ Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան իրավականորեն կարո՞ղ էին վերջ տալ ԽՍՀՄ–ին։ Ենթադրվում է՝ ՈՉ, քանի որ ԽՍՀՄ–ի սահմանադրությունում նման դրույթ չկար։ Եռյակը կարող էր դուրս գալ ԽՍՀՄ–ից, բայց ոչ դադարեցնել նրա գոյությունը։ Նշանակում է՝ Արցախի Հանրապետությունը իր անկախության հանրաքվեն իրավական տեխնիկայի տեսանկյունից անցկացրել է անթերի։ Ալմա–Աթայի հռչակագրի ստորագրման պահին այն արդեն չի եղել ոչ ԽՍՀՄ–ի, ոչ էլ Ադրբեջանի կազմում։ Եթե հիպոթետիկ ընդունենք, որ անգամ Ալմա–Աթայում չէր կարող դադարեցվել ԽՍՀՄ–ի գոյությունը, ապա այդ դեպքում էլ Արցախի Հանրապետությունը, միևնույնն է, կլիներ նրա կազմից դուրս՝ համաձայն նույն ԽՍՀՄ–ի մինչ այդ պահը գործող սահմանադրության։


ԿԵՏ 3


Եվ այսպես, Ալմա–Աթայի հռչակագիրը, որին հղում են անում Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, տարատեսակ Շառլ Միշելները, որևէ կերպ չի կանխորոշում Ադրբեջանի կազմում Արցախի գտնվելը։ Կամ գոնե՝ չափազանց խախուտ հիմք է Ադրբեջանի համար։  

Եվ որպես հետգրություն։ 


ՄԵնք շատ ենք լսել այդ Ալմա–Աթայի հռչակագիրը Հայաստանի կողմից վերապահումով ստորագրելու մասին։Կասկած չունեմ, որ այդպես է։ Սակայն պաշտոնական տեքստերում ինձ չհաջողվեց գտնել այդ վերապահումը։ Աներկբա է որ թղթային տարբերակում դա առկա է։ Բայցև հայկական կողմը պետք է աշխատի այդ ուղղությամբ, և Լևոն Տեր–Պետրոսյանի վերապահումը վերջապես պետք է արտացոլվի պաշտոնական կայքում։ Եթե Հայաստանը Ալմա–Աթայի հռչակագրով չի ընդունել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է՝ հիմա ճիշտ ժամանակն է այդ իրավական Իսկանդերը կամ Հայմարսը /ում ինչպես հաճելի է/, բերվի ասպարեզ:


ՀԳ. Նյութը պատրաստվել է 2023թ.




Comments