Մեղրի. ո՞ւմ ինչ է պետք մեր հողում

 Մեղրու ճանապարհի կանխատեսումներից գլուխ հանելը հեշտ բան չի, անգամ, երբ վերլուծաբանների մի մասին ճանաչում ես, գիտես՝ ով ինչ գրիչով է գրում՝ հայկական, ռուսական, թե ամերիկյան։ Ես հիմնական թեզերը կարդում-վերլուծում եմ, գրչի ծագումը հաշվի առնում ու անցնում առաջ։

Տեսանյութը՝ այստեղ

Բայց  մի կետում, առանց մեծամտության խոստովանեմ, չի ստացվում լոգիկան որսալ, ու կուզեի որակյալ բացատրություն լսել: Հարցը հետևյալն է․ ըստ վերլուծական դոկտրիններից մեկի, Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի պահանջով  բացելու է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը», ստեղից դուրս է մղելու Ռուսաստանին և ճանապարհի հսկողությունը հանձնելու է Արևմուտքին՝ ի դեմս Թուրքիայի։ 

Քանի որ սցենարը գոյութենական արժեք ունի,չես կարող կարդալ-անցնել։ Տեսեք․ Ադրբեջանը մի 1000 անգամ ասել է՝ կողմ եմ, թող ռուսները  վերահսկեն ճանապարհը։ Մի 2000 անգամ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են հաստատել, որ դիրքորոշումներում միասնական են։ Այսինքն՝ ստացվեց, որ Թուրքիան է՞լ է կողմ ռուսների հսկողությանը։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞նց ա դա հնարավոր: Թուրքիան ինքը արևմտյան պրոքսի է, իրա պապաների դեմ ա՞ դուրս գալիս: Ո՞ր ողջամիտ մարդը դրան կհավատա։ Թուրքերին չթերագնահատենք, բայց նաև չգերագնահատենք․ նրանք իրենց վերմակի չափը գիտեն։ Հենց ոտքը երկար մեկնեն՝ լիրայի կուրսը նորից սկելու ա, ու էս անգամ արդեն Էրդողանին հետը կտանի:

Ինձ համար անընդունելի է բացատրությունը, թե բա գիտե՞ս թուրքերը ինչ իմաստուն դիվանագիտություն ունեն: Ուզում են սենց սկսեն, հետո ռուսներին կքշեն: Էլի ստիպված դիմեմ դասականին՝ «յա, իրո՞ք»: Էրդողանը որ Իլհամի ու Հեյդարի ձեռքը բռնած գա՝ Ամերիկային դրանում չի համոզելու: Հենա Ուկրաինայի ճակատագիրը վկա, որ ռուսները մտած տեղից հեշտ դուրս եկողը չեն։ Լենին պապիի վախտերը անցան։ 

Այ սա եմ ուզում հասկանալ, թե ո՞վ ինչ շահ ունի մեր հողերում, Մեղրիում ո՞նց են պարպվելու արևմտյան, ռուսական, թուրքական ու իրանական լիցքերը։ Եթե նկատեցիք, խոսեցի մեր առօրյա լեզվով, առանց որևէ տերմինի։ Պարզ բառերով, ամփոփ շարադրում եմ հարցս վերլուծաբանական եղբայրությանը․ կաբացտրե՞ք ինչ է կատարվում: Ու որ պատասխանը գրված լինի հայկական գրիչով։


Comments