Արցախի գինը՝ Պուտին-Սարգսյան-Բրյուսել փակագծերում

                                                    Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
«Եվրամիության անդամակցության օրենքի քննարկումը Ռուսաստանում համարում են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»:

ՏԱՍՍ, ՌԴ փոխվարչապետ Ալ. Օվերչուկ
Շատ կարևոր մի նրբերանգ կա ներկայացնելու Հայաստան-Եվրամիություն-ԵԱՏՄ եռանկյունու վերաբերյալ: Այստեղ առկա է 2 շերտ. մեկը սոցիալ-տնտեսական, մյուսը՝ անվտանգային: Սոցիալականի մասին գիտեն բոլորը, ովքեր առնչվել են  արևմուտքի հետ, ասենք, ապրել են եվրոպական որևէ թանկ քաղաքի 3 աստղանի հյուրանոցում: Լույս, ջուր, միանում-անջատվում են շարժման սենսորով: Ամեն ինչ թանկ է: Մարդիկ խնայում են ամեն ինչի վրա: Ի դեպ, մեզ էլ չէր խանգարի։ Երևի նույնն է ակնարկել պարոն Օվերչուկը՝ էներգիան թանկանալու է, արտահանումը նվազելու: Մեր սուվերեն ընտրությունն է. վճարել ու բարեփոխվել Եվրոպայում հայտնվելու համար, թե ոչ՝ կասենք հանրաքվեով, եթե գործը հասնի դրան:
 

Բայց սա գրպանին վերաբերող հարց է: Ավելի կարևորը գլխի, երկրի անվտանգությունն է: Մոտենում եմ ասածս կարևոր նրբերանգին: ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը 2010թ. ստեղծեցին Մաքսային Միությունը, որը ԵԱՏՄ-ի նախատիպն էր: Դրանից 2 տարի անց, 2012-ին, Հայաստանը արդեն Եվրոպայի շեմին էր. Բրյուսելում Ժոզե Մանուել Բառոզուն և Սերժ Սարգսյանը ազդարարում էին «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու» բանակցության մեկնարկը: Այդ շրջանում Ադրբեջանը արդեն սկսել էր սպառազինության լայնամասշտաբ գնումը, որի մասին Հայաստանի նախագահը խոսում էր Բրյուսելում:


«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը: Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ իրենց թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Բանակցությունները անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության և աննախադեպ չափերի սպառազինության ձեռքբերման հետ»


Անցնում է ժամանակ, տեղի են ունենում շարքային մարդու համար անտեսանելի պրոցեսներ, և մեր գլխին մի սյուրպրիզ է ընկնում. Բրյուսելից 1,5 տարի անց, Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտնում է Մաքսային միությանը միանալու մասին: 2013թ. սեպտեմբերի 13: Ես չգիտեմ, ու երևի քչերը գիտեն՝ Սերժ Սարգսյանը սա ինչ գործոնի ազդեցությամբ է որոշել: Այն ժամանակ մեր իշխանությունից հնչում էր բացատրություն, որ Հայաստանը 2 կառույցի հետ էլ բանակցել է, և ի վերջո, ընտրել է ռուսականը: Մարդու համար, որի աչքի առաջ Բառոզուն ու Սարգսյանը հեռահար, ոգևորիչ  կանխատեսումներ էին անում, ուղղակի անհամոզիչ է Մաքսային միությունն ընտրելու բացատրությունը: 


Սերժ Սարգսյան. «Շնորհակալ եմ: Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են միասնական արժեհամակարգի վրա, ինչը պայմանավորված է պատմական, մշակութային, կրոնական և լեզվական ընդհանրություններով: Մենք վճռական ենք Հայաստանում խորքային և և համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում, և մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաև որպես Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցության կարևոր մաս»:


Իմ համոզմամբ, Եվրոպայից հետքայլը բացահայտվում է Պուտինի հետ ասուլիսում Հայաստանի նախագահի մի մտքով. 

Մոսկվա, 2013թ. սեպտեմբերի 13
«Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»:


ԱՎԵԼԻ ՊԱՐԶ


Եվ 2010 թ-ին Մաքսային միության ստեղծման պահին, և՛ 2012-ին՝ Եվրամիության հետ բանակցելիս Հայաստանը նույն Ռազմական անվտանգության համակարգում էր: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանին Մոսկվայում ակնարկել են, որ դեպի Եվրամիություն շարժվելու գինը Արցախում նոր պատերազմն է: Համենայն դեպս, Բրյուսելյան առաջընթացից հետո մոսկովյան ընտրությունը՝ այլ ողջամիտ բացատրություն չունի: 


Այսօր ականջին շշնջալու նախկին մեթոդը ոչ ևս է: Արցախը ֆիզիկապես անջատված է մեզանից: Հայաստանում կրկին խոսվում է Եվրոպայի մասին,  ու ստացվում են այսպիսի հրապարակային զգուշացումներ. որ դժվար եք ապրելու, որ գուցե դեռ հիշեք ՀԱՊԿ-ը, երբ Ադրբեջանը հարձակվի… Ոչինչ չի փոխվել: Միայն կոմունիկացիայի ձևը:  


Comments