Եռակողմի փշրանքները

Հայտնի հայտարարությունը՝ 20թ․ նոյեմբերի 9-ի, հատկապես 24 թվականին, հաճախ հիշատակեց ռուսական կողմը՝ Լավրովը, Զախարովան,, Գալուզինը, Օվերչուկը։ Նրանց հիմնական ուղերձն էր՝ խաղաղության և ապաշրջափակման կարելի է հասնել միայն 2020-22 թվականների եռակողմ համաձայնությունների համապարփակ իրականացմամբ։

Հնչեղ բառ է, չէ՞, այդ «համապարփակը»։ Ես ոչ միայն կհամաձայնեի, այլև կհիշեցնեի՝ ինչի մասին էր նոյեմբերի 9-ը։

Պաշտոնական հրապարակմանը նախորդած բանավոր ուղերձում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, հակիրճ թվարկելով փաստաթղթի կետերը, ասաց, որ «տրասպորտային հաղորդակցության հսկողությունը իրակացնացվում է, այդ թվում՝ ՌԴ սահմանապահ մարմինների օժանդակությամբ»:


Հենց սա են ամենահաճախը հիշում նշածս պաշտոնյաները՝ տրասպորտային հաղորդակցության հսկողությունը իրականացվում է, ուշադիր եղեք՝  «նաև ՌԴ սահմանապահ ծառայության մարմինների օժանդակությամբ»։ Այդպես ասաց Վլադիմիր Պուտինը։ Իսկ հրապարակված պաշտոնական տեքստում արդեն չկան «նաև»-ն ու «օժանդակությամբ»-ը.  առանց տարընթերցման գրված է` «Հսկողությունը իրականացնում են ՌԴ սահմանապահ ծառայության մարմինները»։


Եռակողմից հիշվող միակ այդ կետը փաստաթղթում վերջինն է, 9-րդը։ Հպանցիկ չհիշե՞նք նախորդները:


Վլադիմիր Պուտին. «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգնում են իրենց զբացեղրած դիրքերում»:

Զորքերը կանգնում են իրենց զբաղեցրած դիրքում։ Այսինքն՝ եթե սա «համապարփակ» կատարվել է՝ ուրեմն այս դրույթից 1 ամիս անց, դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը չի զավթել Հադրութի Հին Թաղերն ու Խծաբերդը։ Այ, էս տարբերությունը որ տեսնում եք՝ չեք տեսնում: Չի եղել տենց բան: Ամսաթվերին չխաբվեք: Ռուսների դեկտեմբերի 12-ի քարտեզում Խծաբերդն ու Հին Թաղերը չկան: Ըստ հաջորդ օրվա՝  դեկտեմբերի 13-ի քարտեզի՝ կան, իրենք էլ այնտեղ են: ԲԱՅՑ նույն 13-ին ՌԴ պաշտպանության նախարարության նոր քարտեզը ասում է՝ Խծաբերդը Ադրբեջան է և վերջ: Հաջորդը:


Վլադիմիր Պուտին. «Իրականացվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակում»:


Քննարկելու բան չկա. Ադրբեջանը ո՞նց պիտի վերադարձներ 60 հայի, որոնց չէր գերեվարել Խծաբերդի վրա չհարձակվելու ժամանակ։ 


Երկու մեջբերում էլ պաշտոնական տեքստի 6-րդ կետից․ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղապահների հսկողության տակ, և Ադրբեջանը երաշխավորում է այնտեղով երթևեկության անվտանգությունը։


Ի՞նչ բողոք կարող ենք ունենալ մենք, որ այդքան սադրանքի դիմելով, դեռ շնորհակալ չենք՝ մարդիկ գոնե 2 տարի 1 ամիս դիմացան բաց միջանցքին: Օրինակ:


Ո՞ւմ հետ չի պատահել, որ ռուս խաղաղապահի կողքին նստած տրակտոր ես վարում ու քեզ ադրբեջանցի դիպուկահարը սպանում է։ Հեչ չի՞ եղել։ Կամ ասենք գնում ես Կարմիր Շուկա գյուղ՝ այնտեղից են տանում-սպանում։ Էդ ի՞նչ մի արտառոց բան էր, որ աշխարհով մեկ աղմուկ էինք դրել: 


Կամ էլ. մի 9 ամիսն ի՞նչ էր, որ երեխեդ սովին չդիմացավ։ Ընդամենը 9 ամիս, մինչև Ադրբեջանը կսկսեր ազատարար, հակաահաբեկչական գործողությունը։ Որին Միխայիլ Գալուզինն տվել ճշգրիտ անվանումը՝ ռազմական բախումներ:


Այ սենց մանր-մունր բաների համար էր՝ սպանություն, բախում, որ Ադրբեջանը, նոյեմբեր 9-ի տառին հավատարիմ՝ ռուսների ուղեկցությամբ մեզ Արցախից… /քշեց/:  Ձեզ ինչ է թվում խաղ ու պա՞ր է 1 շաբաթում 100 հազար մարդու ստուգել-քրքրել-ճամփելը։ Հլա մի քանիսին էլ անցակետից անվճար Բաքու հասցնելը: Գործ է չէ՞, ՀԱՄԱՊԱՐՓԱԿ կատարված 8 կետանոց գործ: Դե, հիմա էդ մարդիկ էդքանն են կարողացել, գոնե 9-րդ կետը մե՛նք համապարփակենք՝ ճամփեն հանձնենք: 


Մեզ մոտ երևույթները գնահատելու 4 հիմնական դիտանկյուն կա. «արևմտասորոսական», «ռսաստրկական», բեսեդկի նարդու  և ազգային-հայկական: Որից էլ նայես՝ Ադրբեջանն ուզում է առանց Հայաստանում ստուգվելու, միայն ռուսական օք-ով, ինչ պետք ա  ուղարկի Նախիջևան՝ գառ, զինվոր, հրանոթ, արկ, հրթիռ… էս ա մնացել եռակողմից՝ 9-րդ կետը, որտեղ Հայաստանից ուզելու ինչ-որ բան կա: Ինձ մնար՝ ես այն կկատարեի նույնքան «համապարփակ», ինչպես կատարվել են առաջին 8-ը:


  



Comments