Տխուր բացահայտումներ պարեկների հետ զրույցից
Ամեն քայլափոխի հանդիպում ենք սրահում անոմալ բարձր երաժշտությամբ երթևեկող մեքենաների: «Ինչո՞ւ չեք տուգանում», -պարեկներին ուղղած հարցիցս սկսվեց ինձ համար հայտնությունների մի շարան:
Եվ այսպես. պարեկները չունեն սարք, որով կկարողանան չափել ձայնի բարձրությունը: Ուրեմն. իՆչպե՞ս են դատարանում ապացուցելու, որ տվյալ վարորդը խախտել է համակեցության կանոնները, անգամ եթե ակներև է հանրության նկատմամբ «բացահայտ անհարգալից վերաբերմունք»: «Ակներև»-ը իրավական կատեգորիա չէ, ոստիկանը պետք է կարողանա ապացուցել, որ նման բան եղել է: Առանձին բարդություն է տեխնիկապես ապացուցելը, թե հոսքի մեջ հատկապես ո՞ր մեքենայից էր հնչում բարձր երաժշտությունը: Չնայած պարեկներին բացատրեցի, որ փորձաքննությամբ դա հնարավոր է /ինքս էլ գիտեմ՝ դժվարությամբ/, երևի չհամոզվեցին...
-Եթե հենց հիմա մեր կողքով անցնի ձայնախեղդ անող մի «սև Նիվա»՝ չե՞ք կանգնեցնելու..
-Հետո մեծ գլխացավանքի մեջ կընկնենք...
Դատարան մտած գործերի ստվար մասում, ըստ զրուցակիցներիս պատմածի, Ոստիկանությունը պարտվում է: Օրենսդրությունը, ըստ նրանց, մանրևրելու շատ լայն տեղ է թողնում օրինազանցին: Մի քանի բնորոշ իրադրություն:
Օրինակ, շատ դժվար է չամրակապված վարորդին տուգանելը: Պարեկը իրավունք չունի որպես ապացույց ներկայացնել իրեն կցված տեսախցիկով նկարված՝ մեքենայի սրահի պատկերը /կամ էլ դա հիմք չի ընդունվում, չճշտեցի/: Կարգազանց վարորդը դիմում է դատարան ու մի շնչով շահում:
Մգեցված ապակիներ: Ասացին՝ կառավարության նախկին որոշումը՝ 2008թ. ընդունված, ուժը կորցրել է: Դրա հիմքով հակամգեցվածության արշավի սկզբում շարունակ պարտվում էին: ԲԱՅՑ, նոր որոշման ընդունումից հետո, չգիտես ինչու՝ հիմա էլ են պարտվում: Շրջանառվող լուրի համաձայն՝ դեռևս չկա նախադեպային որոշում: Այս հարցով առաջին ատյանում պարտված գործերը, ասացին, կարծես թե Վերաքննիչ դատարանում են, որոշումից պարզ կդառնա մուգ ապակիների ճակատագիրը: Չգիտեմ՝ այս բացատրությունը որքանով է ճիշտ:
Մեկ այլ ոդիսական է խմածությոնը պատժելը: Պարեկները պատմեցին, որ կազմում են արձանագրություն, փորձաքննությամբ հաստատվում է՝ անձը մեքենան վարել է հարբած վիճակում, և նրան զրկում են վարորդական իրավունքից: ԲԱՅՑ դատարանը վերականգնում է նրա իրավունքը՝ ընտանիքի միակ կերակրողը լինելու հիմքով: Եվ այլն...
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ինձ, քեզ, նրան՝ փողոցով քայլող շարքայիններիս արդյո՞ք հետաքրքիր է, թե բեսպրեդելչիկ-իրավապահ-դատարան շղթայում ինչ պետք է անեն 2-րդ ու 3-րդ օղակները՝ 1-ը վերացնելու համար: Փոխե՛ք օրենքները, ընդունե՛ք աշխատող որոշումներ, արե՛ք ինչ ուզում եք՝ բայց վերացրե՛ք մարդկանց նսեմացնող այս այլանդակությունները:
Comments
Post a Comment