Արցախ վերադառնալու համար պարտադիր չէ պատերազմով հիվանդանալը

 Ինչ կատարվեց քո, իմ, մարդկանց մտքերի հետ, 94թ-ի հրադադարից հետո: 

Եվ մեր, և ադրբեջանցիների: 

Վերլուծենք ու իրատեսորեն հասկանանք՝ ունե՞նք Արցախ վերադարձի շանս: 


Նույն կերպ Ադրբեջանը, այն ժամանակ շանս ունե՞ր Արցախը վերագրավելու:

Սքրինշոթը՝ տեսանյութից

Ես ուզում եմ պարզաբանել հարցը՝ արդյո՞ք Արցախ վերադառնալը պետք է անցնի պատերազմի ճանապարհով: Եվ այսպես, նախ այն մասին, թե ինչ արեց Ադրբեջանը հրադադարի 26 տարվա ընթացքում։ 


Առաջին պատերազմից մի քանի տարի անց, հայ լրագրողների խմբի կազմում ես եղել եմ Բաքվում, զրուցել, բանավիճել հասարակ մարդկանց ու մեծավորների հետ։

Այս լուսանկարում Վաֆա Գուլուզադեն է, հետին պլանում՝ ես։  

Գուլուզադեն Հեյդար Ալիևի ռեժիմի ամենաանզիջում բազեն էր: Եվ խելացի: Շատ կարճ շեղվեմ՝ ցույց տալու, թե ինչպես էր հայր Ալիևը մանևրում Կրեմլի հետ։


Մոտ 2 ժամանոց հանդիպման ժամանակ Վաֆա Գուլուզադեն անդադար զարգացնում էր միտքը, որ Ադրբեջանը զարգացման արևմտյան վեկտոր է ընտրել, նպատակը Ռուսաստանին այստեղից դուրս մղելն է, ու եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն՝ դա տեղի կունենա:

Հեյդար բաբան, ռուսներին բարեկամ ձևանալով՝ այդպիսի հակառուսներին կողքին էր պահում ու թույլ տալիս  հանրորեն հարձակվել «բարեկամի» վրա: 


Իսկ հիմնական ասելիքս  այդ Գուլուզադեների բույլն էր, որոնք պղտորում էին պահում հասարակ մարդկանց հոգին։ 


Կրտսեր Ալիևը քարոզչական ի՛ր Գեբելսները բազմացրեց: Անգամ պաշտոնական հաղորդագրություններում գրում էին «դուշման»: Բաքվի «անկախ» հեռուստաալիքներից մեկը երկար տարիներ լուրերը սկսում էր հետևյալ բառերով՝ այսօր պատերազմի՝ ասենք 1825-րդ օրն է: Ամեն օր՝ մեկը ավելացնելով: Նրանք 94-ի հրադադարով պատերազմի վերջակետ չէին դրել: 



Եվ այդ ժառանգական քաղաքականությամբ Ալիևները հասան վերջնարդյունքին: 90-ականներին, մարդիկ, որոնց հետ ես շփվել եմ Բաքվի փողոցներում, ասում էին՝ մեզ պետք չի պատերազմ, միայն թե հարցը արդարաբար լուծվի: Չէին էլ պնդում, որ Ղարաբաղը պետք է վերադարձնեք: Ասում էին՝ արդար լուծվի: Քարոզչությունը, 2 տասնամյակ լվանալով նրանց ուղեղը՝ արմատավորեց, թե հայերը քոչվոր են, մեր հացն են կերել, մենք պետք է վերադառնանք Ղարաբաղ, ու եթե խաղաղ չստացվի՝ ելքը պատերազմն է: Ամբողջ հասարակությունը վարակեցին ու հիվանդացրին: 


Ու հիմա ո՞վ, ո՞ր Եվրախորհուրդը կասի, թե Ալիևները իրենց տեսանկյունից սխալ են վարվել: Ուժը կուտակեցին, ուղեղը պատրաստեցին, ու հետևանքը եղավ 20 թվականը: Մեզ մոտ նման բան չի եղել, թեպետ ակնհայտ է, որ ինչ-որ դոզայով պետք էր: 


Գանք այսօրվան, հիմա արդյո՞ք պարտադիր է, որ մենք կրկնենք նրանց արյունոտ ճանապարհը: Առանց քննարկման եմ ասում՝ ՈՉ: Եթե պատերազմ չուզող եք փնտրում՝ ինձ գրեք այդ ցուցակի սկզբներում: Ես կռիվ ու արյուն տեսել եմ: Էլ չասած մարտական ուղով անցած կամավորականներին ու զինվորականներին: Շատերին անձամբ եմ ճանաչում, ոչ ոք պատերազմով հիվանդ չէ: 


Իսկ հնարավո՛ր է առանց արյան 


Այո, հնարավոր է: Ու դա ցնորք չէ։ Պարտադիր պայմանն է, որ չենք թողնում ուղեղում մեռնի Արցախը վերադարձնելը: 


Դա չի լինելու վաղը, չխաբենք մեզ: Դա պահանջելու է տարիներ ու կախված է և՛ նրանց, և՛ մեզ մոտ օբյեկտիվ հանգամանքներից: Օբյեկտիվներից գլխավորը՝ որ սպառվելու է էներգետիկ ռեսուրսի գործոնը: Ես հասկանում եմ թերահավատությունը, մարդիկ շատ են լսել այդ մասին: Բայց եթե 1 անգամ տեսնելը ավելի լավ է՝ ինքներդ նայեք՝ փողոցում ինչքան էլեկտրական մեքենա կա: Տանիքներին՝ ինչքան արևային կայան: Մոտավոր գնահատեք՝ մի քանի տարուց կանաչ էներգիան որքան է ավելանալու, ու հաշվարկը տարածեք մոլորակի վրա: 


Հաջորդը՝ ինչ-որ փուլում, չգիտեմ ինչպես, բայց հարթվելու են Արևմուտք-Իրան, Իսրայել-Արաբական աշխարհ առճակատումները, և Ադրբեջանը կորցնելու է իր այսօրվա շահեկան դիրքը: Կրկնում եմ՝ դա երկար ժամանակ է պահանջելու: Բայց չեք մոռացել, չէ՞, մենք երբ վերադարձանք Շուշի: 1992 թվականին, այդ քաղաքում հայկական ջարդերից 72 տարի անց: Բայց վերադարձանք: 


Գալով մեզ: Որպես գլխավոր օբյեկտիվ հանգամանք՝ ես կնշեի ուժի գործոնը: Իսկ սուբյեկտիվը, որ մենք պատրաստ լինենք մտքով: Արցախ վերադառնալու համար պարտադիր չէ պատերազմով հիվանդանալը: Երբ կամ եթե Հայաստանը ունենա համարժեք կամ գերազանցող զենք՝ չնչին է հավանականությունը, որ կրակելու անհրաժեշտություն կլինի: Չեմ սիրում հայերի սիրելի համեմատությունը Իսրայելի հետ։ Միտքս հասկացաք: 


Ավարտելով: Այժմ պատմության կրկնության փուլն է: Դուք հաստատ կարդում կամ լսում եք թշնամուն, չէ՞․ 7-րդ երկնքում են: 


ԲԱՅՑ. ինչքան էլ Բաքվի իշխանությունը ձիգ պահի հպատակներին, շարքային ադրբեջանցին անխուսափելիորեն կրկնելու է մեր սխալը, որովհետև մեզնից լավը չի: Որոշ ժամանակ, ասենք մի քանի տարի անց, նույն մեզ պես ընկնելու է հաղթական նիրհի մեջ: Համարելու է գործը արված և թուլանալու է: Չի հավատալու, թե իրենց բայրաքթարներից նահանջող հայերը երբևէ ռիսկ կանեն լուրջ մտածել ռևանշի մասին: Հարցրեք ձեր շրջապատին, հրադադարից հետո 26 տարի շարունակ մեր քանի՞ տոկոսն էր հավատում 20 թվականի պես ավերիչ պատերազմի հավանականությանը: Շատ քչերը: 


Էս ամբողջը արդեն անցյալ է: Գիծ ենք քաշում ու Ի՞նչ ենք անում. 


  1. Աստիճանաբար կուտակում ենք անհրաժեշտ ռազմական ուժ:  

  2. Հավաքական գիտակցությունից բացառում ենք Արցախի բացակայությունը:

  3. Եթե այդ երկուսը կան, X պահը մեզ չի հարցնելու, ուզենք-չուզենք՝ գալու է:

Comments