Հայ-հնդկական հրթիռային գործարքի մասին
Մեր առաջնային թշնամի Ադրբեջանում հետզհետե մեծանում է ընդվզումը հայ-հնդկական ենթադրյալ հրթիռային գործարքի շուրջ: Համակարգի անունն է Փրալայ, որը հինդիից թարգմանվում է ԿԱՏԱԿԼԻԶՄ: Հայաստանը և Հնդկաստանը պաշտոնապես դեռ ոչինչ չեն հաստատել, ամենը հիմնված է ռազմահնդկական մի ռեսուրսի ինֆորմացիայի վրա: Չգիտեմ որքանով է այն հավաստի, որ Բաքվում բուռն են արձագանքում: Օրինակ, Ալիևին կից, քիչ թե շատ լուրջ մի ռազմական փորձագետ կա, երկար տարիներ մեզ հայտնի է Ուզեիր Ջաֆարով անունով: Սույնը որպես կայացած փաստ համարելով այդ համակարգի գնումը, սպառնալից հայտարարություններ է արել:
Հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Համացանցը փորփրելիս ես հանդիպեցի մի տեսանյութի՝ Global defense յութուբյան ալիքում: Այնտեղ մի քանի տասնյակ վիդեո կա՝ հնդկական ու այլ զենքերի համեմատության թեմայով: Մեզ առնչվող նյութը Յութուբում տեղադրվել է հուլիսի 20-ին ու վերնագրված է՝ «Համեմատական վերլուծություն. Հայաստանի հնդկական Փրալայ բալիստիկ հրթիռը ընդդեմ Ադրբեջանի իսրայելական Լորա բալիստիկ հրթիռի»: Արդեն ինտրիգային էր, որ նման նյութ պատրաստվել է այս աղմուկից 3 ամիս առաջ:
Եվ այսպես, շատ համառոտ: Փրալայը ունի մինչև 500կմ հեռահարություն, մարտական մասը մոտ 1 տոննա է: Այսինքն ավերիչ ուժով 2 անգամ գերազանցում է Իսկանդերին: Ադրբեջանցիների ունեցած Լորայի հեռահարությունը 400կմ է, մարտագլխիկը՝ 570կգ: Այս 2 պարամետրերով էլ հնդկական հրթիռը զգալի առավելություն ունի իսրայելական Լորայի նկատմամբ, ընդ որում, կարող է կրել տարբեր տիպերի մարտագլխիկներ՝ տարբեր սցենարների համար:
Նշվում է, որ 2 համակարգերն էլ ունեն հետագծի կառավարման մեծ ճկունություն: Սակայն Փրալայը մեկտեղում է բալիստիկ և թևավոր հրթիռների հատկությունները: Այդ պատճառով այն անվանվել է քվազի բալիստիկ: Իսրայելական Լորան կարողանում է մանևրել նիայն թռիչքի եզրափակիչ փուլում, իսկ հնդկական Փրալայը՝ ամբողջ ընթացքում, ինչը ավելի է բարդացնում այն հայտնաբերել ևչեզոքացնելը: Երկուսի խոցման ճշգրտությունը նույնական է՝ մոտ 10 մետր:
Սրանք են ամենաէական պարամետրերը: Թերևս նաև գինը՝ հնդկականը էժան է: Բայց Լորան կարելի է արձակել նաև ծովից: Նշեմ՝ նյութի հեղինակները ձգտել են չեզոք տպավորություն թողնել, իսկ նրանց ընդհանրական եզրակացությունն է, որ Հայաստանի կողմից Փրալայի գնումը ունակ է փոխելու տարածաշրջանի իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը:
Երևի այսքանը բավարար է պատկերացում կազմելու համար: Իհարկե, ամեն ինչ հալած յուղի տեղ չենք ընդունում: Պետք է հաշվի առնել նաև, թե ով է տվյալ տեսանյութի հետևում: Այս հարցի հստակ պատասխանը չկա: ChatGPT-ի կարծիքով, յութուբյան այդ ալիքը, ըստ երևույթին, կապված չէ որևէ խոշոր կառավարության կամ պաշտպանական կազմակերպության հետ, ինչը հուշում է, որ այն գործում է անկախ կամ առևտրային նպատակներով:
Ինչևէ, մի օր այս գործարքը պաշտոնապես կհայտարարվի կամ կհերքվի: Հուսով եմ, այս փուլում այս տեղեկությունները ձեզ համար որոշակիորեն օգտակար էին: Տեսանյութը՝ ստորև:
Comments
Post a Comment