Նախա-ԴԱՏԱՐԱՆ

Ինձ դաստիարակել են «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը։ Պատանեկան էլ չէ՝ նախապատանեկան տարիքից։ Էն ժամանակներից էր քաղբանտարկյալ բառը ինձ համար ատելի։ Սովետի ծաղկուն օրերին, ամեն գիշեր, անկողնում, ականջս ռադիոյին՝ լսում էի Անդրեյ Սախարովի, Ելենա Բոնների, Սերգեյ Գրիգորյանցի, Ինքնահրատի /Самиздат/, Ալեքսանդր Սոլժենեցինի ու շատ այլոց մասին։ 

- - -

Մեր երկրում դատաիրավական համակարգի կայացումը ինձ համար դեռ մնում է երազանք: Բայց առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր անցնում են վարույթներով կամ, եթե բախտները բերել է՝ արդեն դատվում են: 

Այո-այո, դատվելն էլ բախտի բան է, որովհետև կարող ես ամիսներով, տարով, երազել այդ սհաթի մասին: Ըստ հրապարակումների՝ քեզ վրա  կախվում է ծանր հոդված, բայց տևական ժամանակ որևէ քննչական գործողություն չի իրականացվում: Ինչո՞վ է դա տարբերվում  առանց դատավճռի ազատազրկումից: Որտե՞ղ է ողջամիտ ժամկետը: Ո՞նց կարող էր սենց բան լինի նորմալ երկրներում: 

Դոնակդ Թրամփին, ԱՄՆ-ի նախկին նախագահին, միայն 1 քրեական գործով, որով նրան ի դեպ, երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել՝ սպառնում է մինչև 136 տարվա ազատազրկում: Ու Աստված գիտե՝ թե ինչքան կտևեն բողոքարկումները: Բայց մարդը ԱԶԱՏՈՒԹՅԱՆ է: Ու այդ ազատությունըմ նկատեմ, ԱՄՆ-ի դատարանը նրան ապահովել էր մինչև օրերս լայն իմունիտետով օժտելը։ 

Մի դեպք պատմեմ անցած-գնացած ժամանակներից: Դատախազության կոլեգիայի նիստ էր, գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր: Բոլոր իրավապահ համակարգերից, նախագահով-բանով ներկա էին: Երևի 10 կամ ավելի տարի առաջ էր: Ու Աղվան Հովսեփյանը հենց այս հարցը բարձրացրեց, որ անհրաժեշտ է խիստ հետևել նախաքննության ժամկետներին: Եթե կան ձգձգման օբյեկտիվ պատճառներ՝ ասենք ծանրաբեռնվածություն, ուրեմն պետք է լուծել այդ հարցը: Մարդը իր միջավայրից, զբաղմունքից, ընտանիքից, իր օդից ու իր ջրից ինչո՞ւ պետք է զուրկ մնա, ինչ է թե իր գործով զբաղվողը ուրիշի գործով է զբաղված: 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԴԱՏԱՐԱՆ

Comments