Հայկական Բանակի PR-ը
Թշնամու քարոզչական տեսանյութերից մի քանի կադրով եմ սկսել նյութս, որը ոչ մեր լսարանին է պետք տեսնել, ոչ էլ ես ինձ թույլ կտամ ցուցադրել։ 2017 թվականի ֆիլմ/հաղորդումից է։ Այսինքն՝ դեռ պարտված երկրի բանակի մասին:
Ամբողջ 26 տարի, առաջին պատերազմից հետո ու մինչև օրս, թշնամին փող է դնում և՛ բանակի, և՛ բանակի քարոզի վրա։ Արդյունքը՝ տեսանք: Ցավոք։ Իսկ մե՞նք։ Վերջին անգամ ե՞րբ ենք տեսել այդպիսի նյութեր: Եվ ովքե՞ր պետք է դրանք պատրաստեն։ Լիազոր մարմինը եթե պնդի, թե անում են, 5 րոպեում 6 անգամ կապացուցեմ, որ այդ արվածը թիթեռանկարչություն է:
- Ունե՞նք բանակ։
- Այո։
- Ինչո՞ւ ունենք:
- Որ անհրաժեշտ պահին թշնամու վրա կրակի:
- Իսկ էդ կրակելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Զենքից բացի։
- ՈԳԻ։
- Ուրեմն, եթե ունես բանակ, ի՞նչ պետք է անես։
- ՃԻշտ է, բարձր պահես անձնակազմի ոգին: Ինչպե՞ս:
Ընտրությունը մեծ չէ։ Քարոզչական նյութերով։ ԶԼՄ-ներն ու ցանցերը լցնելով։ Մեր մամուլը զբաղված է լուրջ գործերով։ Ներքին կյանք, արտաքին պարտք, հերթական ու արտահերթ ընտրություններ, արդեն 5-6 տարի։
Իմ հարազատ Առաջին ալիքը, կամ երբեմնի հարազատ, ցավոք, չեմ էլ քննարկում: Բայց այլ ալիքներ էլ կան, ազգային դիրքավորվող: Բացի բանակային արխիվից, նոր բովանդակության չեմ հանդիպում: Նաև բողոք չեմ տեսել, որ դիմել են ՊՆ-ին ու մերժում ստացել։ Գուցե նմուշի համար 1-2 դեպք լինի:
Եվ ուրեմն՝ հավաքականորեն ասեմ․ ուզում ենք Արցախ, ուզում ենք ուժեղ բանակ, բայց իմ, քո գիտակցության ու քայլերի վրա ազդել չենք ուզում: Ի հակառակ թշնամու: Բա ո՞ր մնաց «ակն ընդ ականը»:
Comments
Post a Comment