Հունիսի 12. Մոնթեի ու Շահումյանի կորուստը

Անկախության սկզբում առնվազն 2 ցավոտ կորուստ ենք այդ օրը. 1992-ին Ադրբեջանի մեծ հարձակման օրն է (պատմել եմ՝ որտեղ էի, ինչպես իմացա): Եվ 1993-ին կորցրեցինք Մոնթե Մելքոնյանին: 

92-ին թշնամին հայաթափեց Արցախի Շահումյանի շրջանը: Ընդամենը 1-2 օրում։ Մի քանի պատճառ կա, հիմնականը, իմ կարծիքով՝ մեր անհոգությունն էր։ Շուշիի գործողությունից անցել էր մեկ ամիս, Լաչինի միջանցքի ազատագրումից՝ է՛լ ավելի քիչ։ Մեր մի մասին /թերևս մեծամասնությանը/ համակել էր հաղթական թմբիրը, ծովը թվում էր ծնկից ցածր, պատերազմը՝ ավարտված։ Իսկ թշնամին այդ 1 ամսում վերախմբավորեց ուժերն ու անցավ այն հարձակմանը, որը Արցախի վերացումից 5 էր պակաս։ Շահումյանը, Մարտակերտի հյուսիսը, արևելքը հայտնվեցին թշնամու տիրապետության տակ։ Մինչև Խաչենի հովիտ էլ մնացել էին հաշված կիլոմետրեր։ Գետաշենից, Մարտունաշենից, Էրքեջից, Բուզլուխից, Մանաշիդից, այլ շեներից մեզ մնաց միայն հուշը՝ անգամ հաղթական Գոյամարտից հետո։


Մոնթեի մասին նոր բան․․․ չգիտեմ, թերևս, միայն Հերոսի մանկության ու պայքարի ընկերները կարող են ասել։ Չնայած, մեկ բան, այնուամենայնիվ, կարող եմ։ Մոնթեի զոհվելուց հետո, երևի հիշում եք, լուր տարածվեց, որ նրան մերոնք են սպանել։ Կոնկրետ՝ իշխանությունը։ 

Իմ պատերազմական ընկերներից մեկը՝ Մոնթեի զինվոր, հուղարկավորությունից հետո կրկին մեկնեց Արցախ (զոհվելու ժամանակ կողքին չէր, մի քանի օրով եկել էր Երևան)։ Ընկերս էլ էր  համարում, թե ՀՀՇ-ի մատը խառն է Մոնթեի մահվան մեջ։ Գնաց, տեղում ամեն ինչ ուսումնասիրեց, զրուցեց մարտական ընկերների հետ ու վերադարձից հետո ինձ ասաց, որ ավելի շատ է հավատում թշնամու դարանակալման վարկածին։ 

Այս ֆիլմը նկարելիս՝ 1996-ին, զգացումները դեռ չէին քնում, հաղթանակի շունչը թարմ էր: Հիմա էլ քնած չեն, բայց կորուստների թարմության պատճառով:


 

Comments