Շառլը, Ցեղասպանությունը, Շիրակն ու Քոչարյանը
Մոլորակի 8 մլրդ մարդկանցից 0, ամբողջ չգիտեմ քանի տոկոսը տեսած կլինի Շառլին: Այդ բախտավորներից մեկը ես եմ: Եվ այսպես, միակ ու անմոռանալի այդ օրը սրանից 24 տարի առաջ էր, դեկտեմբերին, Փարիզի համագումարների պալատում: Շառլը հայտարարել էր մեծ բեմին հրաժեշտ տալու և վերջին համերգաշրջանի մասին: Համերգներից մեկին շանսոնյեն հրավիրել էր Հայաստանի նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ներկա էր նաև Ժակ Շիրակը: Արտիստիկ, ինչպես զտարյուն ֆրանսիացին:
Ես մենակ էի, առանց օպերատորի, մեծ Betacam SP կամերայով, առանց շտատիվի, դեսպանությունը բնականաբար զբաղված էր գլխավոր անձով: Սա ասում եմ, որ կադրերին ներողամիտ վերաբերվեք: Համերգի միայն ինչ-որ հատվածներ հաջողվեց նկարել՝ անվտանգության աշխատակիցների թիկունքից: Արգելված էր, կարծեմ միայն TF1-ը ուներ նկարելու իրավունք:
Ընդմիջմանը Քոչարյանն ու Շիրակը իջան Մաեստրոյի մոտ, հանդերձարան: Փոքր սենյակ էր, չգիտեմ ինչպես այդքան մարդ տեղավորվեց: Ցավոք, ֆրանսերենին չեմ տիրապետում, լսելու ժամանակ էլ չկար: Մի քանի վայրկյանից ֆրանսիական անվտանգությունը ինձ «օդերով» հանեց դուրս: Բայց շատ կարևոր է, թե ինչի մասին էին խոսել Ժակ Շիրակը և Շառլ Ազնավուրը: Բանն այն է, որ Ֆրանսիան ձգձգում էր Ցեղասպանության ճանաչումը, ու այդ պատճառով Շառլը այդ տարի, 2000թ. հրաժարվել էր երգել Ֆրանսիայի ազգային տոնին՝ Բաստիլի գրավման օրը: Ինչպես հայտնի է, 2001-ի հունվարի 18-ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց օրինագիծը և հունվարի 29-ին նախագահ Շիրակը ստորագրեց այն. Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց Հայերի ցեղասպանությունը: Ամենայն հավանականությամբ, Շիրակը հենց այդ սպասվող օրվա մասին էր պատմում Ազնավուրին:
Սկսվեց համերգի երկրորդ մասը: Ես ունեմ երաժշտական ունակություններ, լավ կրթություն: Ու շատ դժվար էր աշխատել, չապրել այդ պահերը, մնալ սառնասիրտ օպերատոր:
Հետո, Երևանում, եթերի համար պատրաստեցի իմ ամենասիրելին Շառլի երգացանկից. "Emmenez-moi"
Comments
Post a Comment