Արցախի տեղահանումը նոյեմբերի 7-ին - ֆոտոպատմություն #1
Լուսանկարների այս պատմությունը անձնական բնույթ չունի: Դժվար թե դա որևէ մեկին հետաքրքրեր: Ես որոշեցի ներկայացնել այն կարևորը, ինչը առնչվում է մեզ համար ընդհանուր երևույթների հետ։ Առաջինը Արցախում մնացած բնակչության տեղահանման մասին է՝ 2020թ. նոյեմբերի 7-ին:
Ներկայացվող լուսանկարի տատիկին նկարել եմ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտ, Դրմբոնի խաչմերուկում (դետալային ավելի տեսանելի է տեսանյութում)։ Նրան տեսնելիս երևի անհնար էր չպատկերացնել հարյուրամյակներով մեր ազգի կրած տառապանքն ու գաղթի ճամփաները: Բացատրեմ, թե ինչպե՞ս ամենը պատահեց այդ անգամ։
Նոյեմբերի 7-ի կեսօրից հետո, ոչ զինվորական ծառայություններին հրահանգ իջեցվեց լքել Ստեփանակերտը։ Գուցե այլ տեղերից էլ, չգիտեմ։ Վերցնել միայն ամենաանհրաժեշտ իրերը ու շտապ հեռանալ։ Առանց բացատրության։ Ուղղությունը` Մարտակերտ։
Շարժվեցինք, Աստղաձորի խաչմերուկում ճամփան փակել էին զինվորականները։ Իբրև թե` ռազմական շարասյուն էր անցնելու։ Չկար նման բան: Հետո, երբ այդ «պոստը» անցա՝ ոչ մի զինվորական մեքենա չեմ տեսել մինչև Վանք գյուղ։ Իսկ ճանապարհին գոյացել էր կիլոմետրեր ձգվող կուտակում, հազարավոր մարդկանցով։ Եթե թշնամին 1 հրթիռ արձակեր` տասնյակ զոհեր էինք ունենալու։ Ո՞վ էր այդ փնթի գործողության իրականացնողը` չեմ կարողացել ճշտել։
Կադրում կարող եք տեսնել պատմածս: Վանք - Դրմբոն խաչմերուկում էլ շատ մարդ կար, խաղաղ բնակիչներ, որոնք երևի սպասում էին հարազատների հասնելուն, որ Քարվաճառով շարժվեն դեպի Հայաստան։ Տատիկն էլ այնտեղ էր։
Հետգրություն
Հուսով եմ, այսպիսի պատմությունները ձեզ համար հետաքրքիր են: Եթե նկատեմ հետաքրքրություն՝ դա լուրջ մոտիվացում կլինի ինձ համար: Առոդջ եղեք։
Comments
Post a Comment